27 Փետրուար 2025-ին, Բուն Բարեկենդանի նախորդող հինգշաբթի օրը, Քէօլնի Ս․Սահակ-Ս․ Մեսրոպ առաջնորդանիստ եկեղեցում, Սրբոց Վարդանանց տօնի առիթով հանդիսաւորապէս կատարուեց երեկոյեան ժամերգութիւն եւ հայրապետական մաղթանք։
Ս.Եկեղեցական արարողութիւնը հանդիսապետեց Գերմանահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբէ եպս․ Իսախանեանը։ Սրբազան հայրն իր ոգեշնչող ու գօտեպնդող պատգամով անդրադարձաւ Ս․Վարդանանց խորհրդին:
«Մենք այսօր կրկին ոգեկոչում ենք Սրբոց Վարդանանց յիշատակը՝ հայցելով Ս․ Վարդանի եւ նրա 1036 նահատակ զինակիցների առ Աստուած բարեխօսութիւնը մեզ, մեր համայնքի, մեր եկեղեցու եւ մեր հայրենիքի համար։ Սրբոց Վարդանանց պայքարի խորհրդանշական նշանակութիւնը շատ մեծ է հայ ժողովրդի պատմութեան մէջ: Այն պայքար էր «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց», այսինքն՝ ազգային ինքնութեան, հաւատքի ու մշակոյթի պահպանման համար:
Վարդանանց խորհուրդը դարեր շարունակ ոգեշնչել է մեր ժողովրդի բազում-բազում սերունդների։ Սրբոց Վարդանանցը անցեալի ու պատմութեան մի հերոսական էջ չէ միայն, այլ նաեւ կամքի ու արիութեան հզօր խորհրդանիշ։ Այսօր, երբ մենք որպէս ժողովուրդ կանգնած ենք զանազան մարտահրաւէրների առջեւ, Սուրբ Վարդանանք կարող են մեզ դարձեալ ոգեշնչել՝ պահպանելու մեր լեզուն, մշակոյթն ու հաւատքը եւ փոխանցելու յաջորդ սերունդներին, ամրապնդելու մեր ազգային ու հոգեւոր ինքնութիւնը եւ օժանդակելու կերտել հզօր ու անվտանգ Հայաստան»։