ՍԲ. ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՕՆԸ ՔԷՕԼՆԻ ՍԲ. ՍԱՀԱԿ – ՍԲ. ՄԵՍՐՈՊ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ
__________________________
Կիրակի` օգոստոսի 13-ին, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնախմբեց Սուրբ Մարիամ Աստուածածնի Վերափոխման տօնը: Տօնի առթիւ մատուցուեց Սուրբ Պատարագ եւ կատարուեց Խաղողօհնէքի կարգ:
Պատարագիչն էր Գերմանիայի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տէր Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը:
Ներկայացնելով տօնի խորհուրդը` պատարագիչ Սրբազանը մասնաւորապէս ընդգծեց.
«Մարիամի Վերափոխումը հոյսի նշան է բոլոր հաւատացեալների համար, քանի որ այն նախանշում է նախախնամութեան այն խոստումը, որը մեզ սպասում է Քրիստոսով։ Հայ Եկեղեցու հայրերը միշտ ընդգծել են Մարիամ Աստուածածնի կարեւորութիւնը։ Սուրբ Ներսէս Մեծը Մարիամին նկարագրում է որպէս լուսատու աստղ, որն առաջնորդում է մեզ դեպի Քրիստոս»։
Առաջնորդ Սրբազան Հայրը իր խօսքում անդրադարձաւ նաեւ խաղող օրհնելու աւանդութեանը նշելով.
«Նոր Կտակարանում Յիսուս իրեն նոյնացնում է որթատունկի հետ, իսկ իր հետեւորդներին` որթատունկին կապուած ճիւղերի, իսկ Հայր Աստուած էլ մշակն է: Իսկ վերջին Ընթրիքի ընթացքում էլ գինին` խաղողի արիւնը, Միածին Որդին իր փրկական Արեան նիւթն արեց, օրհնեց այն եւ տուեց աշակերտներին ասելով. „սա է Նոր ուխտի Իմ Արիւնը“ (Մատթ. ԻԶ 28), որով մեր Տէրը հաստատեց Սբ․ Պատարագի Խորհուրդը»։
Սրբազանը քարոզի աւարտին հրավիրեց ներկաներին աղօթելու շրջափակման մեջ գտնւող Արցախի մեր քույրեր եւ եղբայրների համար։
Աղօթքի մեջ մասնաւորապես ասւում է.
«Երկնաւոր Հայր, մենք վստահում ենք քեզ, որ Դու մեզ եւ Արցախի մեր քոյրերին ու եղբայրներին մենակ չես թողնի այս դժվարին ժամանակներում եւ տոկունութիւն կտաս մեզ՝ չկորցնելու ապրելու հոյսը, կամք կտաս՝ պայքարելու անարդարութեան դեմ, քաջութիւն կտաս՝ պաշտպանելու խաղաղութիւնն ու մարդու իրաւունքները եւ անսասան հավատք կտաս՝ անդադար փառաբանելու Քեզ՝ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, այժմ եւ միշտ եւ յավիտեանս․ Ամէն»։
Արարողութիւնից յետոյ օրհնուած խաղողի ողկոյզները բաժանուեցին հաւատաւոր ժողովրդին, որից յետոյ ներկաները մասնակցեցին Քէօլնի Հայ Համայնքի վարչութեան կողմից կազմակերպուած միասնական սիրոյ ճաշին։
Լուսանկարները` Edmond Haghnazarian-ի
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ