Կիրակի, 9 Նոյեմբեր 2025-ին, Քէօլնի Հայ Համայնքի սրահում կայացաւ «Մեր լեզուն մեր խիղճն է դա» խորագրով գրական-երաժշտական բեմադրութիւն՝ նուիրուած հայոց լեզուին։ Միջոցառումը կազմակերպուած էր Քէօլնի Հայ Համայնքի միօրեայ դպրոցի կողմից՝ դպրոցի թատրոնի ուսուցիչ Տիգրան Բագրատունու ղեկավարութեամբ եւ երգի ու պարի ուսուցիչներ Իրենա Թաբաքերի ու Մարիա Գեւորգեանի մասնակցութեամբ։
Երեխաները բեմ բարձրացան սիրով եւ ոգեւորութեամբ՝ ներկայացնելով գեղեցիկ կոմպոզիցիա, ուր միահիւսուած էին արտասանութիւն, երգ եւ պար։ Բեմադրութեան ընթացքում նրանք արտայայտեցին իրենց սէրը եւ հպարտութիւնը հայոց լեզուի նկատմամբ՝ որպես այն հոգեւոր ժառանգութեան մաս, որ դարերով պահել ու փոխանցել են մեր նախնիները։
Հանդիսութեանը ներկայ էր նաեւ Գերմանիայի Հայոց Թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը, ով հանդիսութեան աւարտին օրհնութեան եւ շնորհաւորանքի խօսք ուղղեց երեխաներին, ուսուցիչներին եւ համայնքի վարչութեանը։
Առաջնորդ Սրբազանը իր խօսքում անդրադարձաւ հայոց լեզուի կենսական դերին նոր սերնդի ինքնութեան ձեւաւորման եւ պահպանման գործում։ «Մենք ունենք երեք հենասիւներ՝ Լեզու եւ Մշակոյթ, Հայրենիք ու Պետութիւն, Հաւատք ու Եկեղեցի։ Այս հենասիւներին կառչած ապրեցին մեր նախնիները, եւ այսօր նոյն հենասիւներն են, որ պահում են մեզ Սփիւռքի ողջ տարածքում, այդ թւում՝ նաեւ այստեղ՝ Գերմանիայում»,- ընդգծեց Սերովբէ սրբազանը եւ երեխաներին յորդորեց՝ սիրել, պահպանել ու ապրեցնել հայոց լեզուն։



